Դպրոցների տնօրինությունը փող աշխատելու նոր միջոց են գտել, կարծում է Երևանի Բելինսկու անվան միջնակարգ դպրոցի երրորդ դասարանի աշակերտներից մեկի մայրը: Պարզվում է` երեխաներին այլևս անհրաժեշտ է ունենալ աշխատանքային տետր: Տետրը նախատեսված է կատարելու համար նույն աշխատանքը, որը կատարվում է սովորական տետրի մեջ: Սակայն, ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշեց ծնողը, այս տետրերը նրանք գնում են դպրոցից, այն էլ` հինգ հարյուր դրամով: Մինչդեռ դպրոցից դուրս դրանք կարելի է ձեռք բերել երեք հարյուր դրամով:
Իսկ Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտը մեզ տեղեկացրեց, որ իրենք այս տետրերը ձեռք են բերում չորս հարյուր դրամով, սակայն դրանք ոչ ոք չի ստուգում: Ի դեպ, մեզ նաև հայտնի դարձավ, որ կան ուսուցչուհիներ, որոնք, մտնելով մարդկանց դրության մեջ, իրենք են հուշում երեխաներին մեծածախ առևտրի կետերի տեղը, որտեղից հնարավոր է ավելի էժան գնել դրանք:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ գործնականում այդ տետրերն իրենց պետք չեն: Սակայն ի տարբերություն Էջմիածնի դպրոցի, «առնովի տետրն էլ են ստուգում»:
«Մեկը հավաքում են, մյուսը` տալիս երեխային», – ասաց ծնողը:
Տեղեկացնենք, որ ուսուցիչը` աշխատանքը նայելուց հետո, «Ստ» է դնում տետրի էջերի վրա, ինչը նշանակում է, որ աշխատանքն ստուգված է: Ծնողներն, այնուամենայնիվ, չեն հասկանում, թե ինչու է պետք վճարել մեծ հաշվով ավելորդ սևագիր ունենալու համար և ինչու են երեխաներից պահանջում նույն աշխատանքը երկու անգամ կատարել:
Մենք այս հարցը բարձրացրեցինք Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի ասուլիսին: Վերջինս ասաց, որ աշխատանքային տետրերը երաշխավորվում են կրթության ու գիտության նախարարության կողմից, բայց պարտադրված չեն:
«Այդ տետրերը վերցնելու խնդիրը լուծում է դպրոցը, դպրոցի մեթոդմիավորումը, ծնողը, դասղեկը: Բոլորը քննարկում են` այդ առարկայի համար տետր անհրաժեշտ է, թե` ոչ: Գնի հետ կապված` եթե հնարավոր է երեք հարյուր դրամով գնել, ես չգիտեմ, ինչու է դա հինգ հարյուր դրամով վաճառվում»:
Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ աշխատանքային տետրերը պարտադիր չեն, բայց կան տետրեր, որոնք բավական ցանկալի են դպրոցի համար:
«Ե’վ ուսուցիչները, և’ ծնողները ցանկանում են այդ տետրերով հեշտացնել իրենց երեխաների աշխատանքը», – ասել է Հովհաննիսյանը:
Այս կարծիքն, ինչպես տեսնում ենք, հակասում է մեզ հետ զրուցող ծնողի կարծիքին: Սակայն Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը խորհուրդ տվեց ծնողներին դիմել տնօրենին` պարզաբանումներ ստանալու համար: Մեր զրուցակիցն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ ծնողները հեռուստաեթերից են լսել, իբր այս ամենը պետք է անվճար լինի.
«Բայց ուսուցիչները ծնողկոմիտեի միջոցով հայտնում են, որ փող է պետք հավաքել: Ուսուցիչներն էլ ասում են, թե հավաքի մասին իրենց վերևից են ասում»:
Ի դեպ, ծնողները, ինչպես և նախկինում էր, շարունակում են վճարել, օրինակ, դասարանի պարկետի անբաժանելի մաս դարձած մազթաքի համար:
Նշենք, որ դպրոցականի մայրիկն արդեն փորձում է գուշակել, թե ինչ փորձությունների միջով է անցնելու ընտանեկան բյուջեն բարձր դասարաններում: Հաշվի առնելով, որ հիմա տետրերից բացի նաև դասագրքերի համար են վճարում, որոնց մի մասը ծնողները ստիպված են լինում փնտրել քաղաքի խանութներում և գնել երկու-երկուսուկես հազար դրամով, երևի կարելի է հասկանալ այս մարդկանց մտահոգությունը:
Հոկտեմբերի 5-ին Հայաստանում կտոնեն ուսուցիչների օրը: Նախարարությունը կխոսի ուսուցիչների և դպրոցների արժանիքների մասին: Ու չնայած բոլորիս հայտնի «կարևորն ուշադրությունն է» արտահայտությանը, դժվար է հավատալ, որ այս տոնի կապակցությամբ կրկին նվերներ գնելու համար ոչ պաշտոնական դրամահավաքներ տեղի չեն ունենա: