Վերջին նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվել է մի համակարգ, որտեղ առկա է գերակշռող կուսակցություն: Այս կուսակցությունը ձևավորել է կոալիցիա, որտեղ կան կրտսեր գործընկերներ, այսօր ասուլիսին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքերով` գերակշրող ուժը պետք է պահպանի այս դերը և հետագայում շարունակի այն, կրտսեր գործընկերները պետք է ցանկանան հանդես գալ որպես կրտսեր գործընկերոջ դերում.
«Եթե այդպիսի ցանկություն կա, նրանք կամ պետք է գնան կոմպրոմիսի, կամ առճակատման գերակշիռ խաղացողի հետ»:
Մյուս կողմից, եթե ուժերը ցանկանում են հանդես գալ որպես ինքնուրույն խաղացողներ, նրանք պետք է դուրս գան կոալիցիայից.
«Խոսքը և’ «Բարգավաճի», «Օրինաց երկրի», և’ Դաշնակցության մասին է»:
Փորձագետի կարծիքով` իշխանությունների փորձը մարգինալիզացնել ըննդիմությանը լրատվական դաշտում ակնհայտ է, և դա առայժմ հաջողվում է:
«Խորհրդարանում ներկա ըննդիմադիր կուսակցությունների խնդիրն է լինելու պահպանել իրենց մինիմալ ներկայությունը քաղաքական դաշտում: Արտախորհրդարանական ընդդիմության համար առաջնային խնդիր է լինելու մուտք գործելը խորհրադարական կառույցներ», – ասել է Մարկարովը:
Այս ենթատեքստում քաղաքագետն ընդգծեց Հայ ազգային կոնգրեսը:
Իր հերթին, ասուլիսի մասնակից քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդի մեծ մասը բավական կրավորական դիրքորոշում ունի:
«Քանի որ չկան քաղաքացիական ինստիտուտներ, չկան քաղաքական ինստիտուտներ, իշխանությունը փորձում է մաքսիմալ կենտրոնացված իշխանություն սարքել, այսպես կոչված, «վերտիկալ վլաստի» (իշխանության ուղղահայաց մոդել – Epress.am):
Բոզոյանը կարծիք է հայտնել, որ վերջին տարվա տնտեսական քաղաքականության արդյունքում, որն ուղղված էր ուղղակիորեն կենտրոնական հոսքերի կենտրոնացման քաղաքականությանը, մտահոգիչ վիճակի է հասցրել օլիգարխիկ շրջանակները:
«Այս պայմաններում քաղաքական ուժերը բնորոշում են այսօրվա իրավիճակը: Դասական իմաստով քաղաքական ուժեր, բացի ՀՀՇ-ից և ինչ-որ իմաստով Դաշնակցությունից, գոյություն չունեն», – ասել է քաղաքագետը: