Home / Армения / ԵԱՀԿ առաքելությանը ՄԱԿ-ից մասնակցելու է 1-2 տեխնիկական փորձագետ

ԵԱՀԿ առաքելությանը ՄԱԿ-ից մասնակցելու է 1-2 տեխնիկական փորձագետ

ԵԱՀԿ Դաշտային գնահատման առաքելությունը եռանախագահների առաքելություն է, և ՄԱԿ-ի միայն մեկ կառույցից` փախստականների գրասենյակից մեկ-երկու հոգի են ներկայացված որպես տեխնիկական փորձագետներ, այսօր Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության մասին լրագրողի հարցին, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Տեխնիկական փորձագետները ուղեկցելու են ԵԱՀԿ համանախագահներին և նրանց օգնականներին: ՄԱԿ-ի այլ կառույց որևէ առնչություն չունի այս առաքելության հետ», – ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով` տվյալ առաքելությունն ուսումնասիրելու է ընդհանուր կացությունն այդ տարածաշրջանում:

«Դուք գիտեք, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակվել և չեն եղել այս տարածաշրջանում, մանրամասն տեղյակ չեն իրավիճակին, և նրանք օգտագործելու են այս առիթը, որպեսզի նաև տեղում ծանոթանան իրավիճակին», – հայտարարել է Նալբանդյանը:

Նրա խոսքով` եռանախագահները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 6-ի երեկոյան և, գուցե, հավելյալ մանրամասներ կհայտնեն: