Home / Армения / Երևանում Վաշաձեն խորհուրդ տվեց ուշադիր հետևել ՌԴ պաշտոնյաների խոսքերին

Երևանում Վաշաձեն խորհուրդ տվեց ուշադիր հետևել ՌԴ պաշտոնյաների խոսքերին

Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի որոշել, թե անվտանգության ինչ կարգի միջոցառումներ են հարկավոր այս երկրի համար: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` պատասխանելով լրագրողի խնդրանքին` մեկնաբանել Հայաստանի անվտանգության մասին իր խոսքերը:

«Վրաստանը` որպես ինքնիշխան երկիր, իրավունք ունի մեկնաբանություններ անել Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման մասին` անկախ նրանից, թե որտեղ են ռազմակայանները տեղակայված: Վրաստանի տարածքում հինգ ռազմակայան կա, և, հավատացեք ինձ, դրանք մշտական վտանգ են մեր երկրի անկախության և ինքնիշխանության համար», – հայտարարել է Վաշաձեն:

Նրա խոսքով` Հարավային Կովկասի և այս տարածաշրջանում գտնվող երեք երկրների ճակատագիրը քննարկելիս` լավ կլինի հիշել 1921 թվականը, երբ այդ երեք երկրները կորցրեցին իրենց անկախությունը մեկ տարվա ընթացքում:

Դիմելով հայաստանցի լրագրողներին` Վաշաձեն նշել է, թե զգացված է, որ Հայաստանում ուշադիր հետևում են իր հարցազրույցներին և մեկնաբանում դրանք, թեև այդ հարցազրույցները միշտ չէ որ ճշգրիտ են ներկայացվում մամուլի կողմից:

«Սակայն խաղի կանոնները պահպանելով` լավ կլիներ, որ դուք մեկնաբանեիք նաև Ռուսաստանի Պետդումայի պատգամավորի հայտարարությունները, ով նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար», – ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Ամեն դեպքում, Վաշաձեն հավաստիացրել է, որ ինքը երբեք մեկնաբանություններ չի արել` Հայաստանի անկախության, անվտանգության, կայունության և ինքնիշխանության հետ կապված: