Սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարվել է ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու և օտարալեզու դպրոցների բացումը միայն «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորելու` կոալիցիայի որոշման մասին: Այս փաստն ի նկատի ունենալով` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում և սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը և յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական, քանի որ հակասելու է վերհիշյալ օրենքի հոդված 2-ին, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է», և ըստ նույն օրենքի` բացառություն կարող է լինել միայն ազգային փոքրամասնությունների ու ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Ի դեպ, սրա մասին ամիսներ շարունակ հայտարարել են թե վարչապետ Սարգսյանը, թե նախարար Աշոտյանը` վկայակոչելով կառավարության իրավաբանների կարծիքը, ում մասնագիտական կարողություններին կասկածելու որևէ հիմք չունենք: Այժմ, հայտարարելով, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, նախագծի հեղինակները պարտավոր են առնվազն մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից, ինչը չի արվում»։
Ըստ հայտարարության հեղինակների՝ նույն հիմնավորմամբ «Լեզվի մասին» օրենքին հակասող է պետք ճանաչել կառավարության կողմից ԱԺ ներկայացված` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:
«Մասնավոր դպրոցներից մեկի տնօրենի և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի բանավոր հղումը «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 6-ի կետ 5-ին` որպես ավագ դասարաններում որոշ առարկաներ օտար լեզվով դասավանդելու հիմքի, բացարձակ անհեթեթություն է, քանի որ նշված կետը սահմանում է ընդամենը «ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակի» տոկոսը և որևէ հնարավորություն չի տալիս պարտադիր ժամաքանակից դուրս դասաժամերն անցկացնել օտար լեզվով, ինչը նույնպես կհակասեր «Լեզվի մասին» օրենքին»,- նշվում է հայտարարությունում։
Ըստ նախաձեռնության՝ վերոհիշյալ դրույթներից պարզ է դառնում, որ Հայաստանում արդեն գործող այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որտեղ ՀՀ` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չհանդիսացող քաղաքացիների համար դասավանդումը կազմակերպում է օտար լեզվով, հակաօրինական են՝ անկախ նրանից, որ նրանք չեն տրամադրում ՀՀ պետական նմուշի ավարտական վկայական. «Լեզվի մասին» օրենքն այդպիսի բացառություն չի ենթադրում, և դրանք պետք է փակվեն կամ իրենց գործունեությունն անհապաղ համապատասխանեցնեն ՀՀ օրենսդրությանը:
«Ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը պահպանելու, ձուլման և հեռացման հերթական ռիսկերից խուսափելու, իսկ մյուս կողմից` միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը չսահմանափակելու, կրթության հարցերում ճկուն, արագ արձագանքող և մրցունակ լինելու» (ԱԺ նախագահի ելույթի անուղղակի մեջբերում) միակ և բոլորի կողմից ընդունելի ճանապարհը կարող է լինել միայն միջազգային կրթական ծրագրերի տեղայնացումը և բացառապես հայոց լեզվով դրանց մատուցումը: Ընդ որում, մի քանի փորձարարական և նորարարական դպրոցներում հաջողություններ արձանագրելու պարագայում ՀՀ կառավարությունը պարտավոր է այդ փորձը տարածել նաև Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վրա` այդպիսով բարձրացնելով ամբողջ հանրակրթության մրցունակության մակարդակը և խուսափելով որակյալ դպրոցական կրթության «էլիտարացումից» և «կլանայնացումից»»,- կարծում են հայտարարության հեղինակները։
Նախաձեռնությունը Հայաստանում բարձրակարգ կրթությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին (ներառյալ` կուսակցություններին և բիզնեսի ներկայացուցիչներին) և առաջին հերթին` դրա համար պատասխանատվություն կրող պետական մարմիններին կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել միջազգային կրթական ծրագրերի (մասնավորապես, միջազգային բակալավրիատի) տեղայնացման, ինչպես նաև ուսուցիչների պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Մինչ այդ հարկավոր է շրջանառությունից հանել օտարալեզու դպրոցներ բացելու բոլոր տեսակի մասնավոր և կառավարական նախագծերը և ստեղծել հատուկ հանձնաժողով` ազգային կրթության մրցունակության բարձրացման ռազմավարությունը մշակելու և իրականացնելու համար: