Այսօր ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որում, մասնավորապես, նշվում է.
«Հոկտեմբերի 2-ին և 3-ին Ազատության հրապարակում իմ նստացույցի ընթացքում Ձեր համազգեստավոր և քաղաքացիական հագուստով ենթակաները թույլ տվեցին որոշակի սադրիչ և ապօրինի գործողություններ, որոնց համար պատասխանատու եք Դուք:
Նախ մինչ կես գիշեր ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով ոստիկանության քրեական հետախուզության մեկ աշխատակից և փորձեց վեճ, կոնֆլիկտ հրահրել, որը, հանդիպելով իմ սառը դիմադրությանը, թողեց-հեռացավ: Հետո եկավ ձեր փալաս-փուլուսներից մեկ ուրիշը, որն ուղղակիորեն ցուցադրաբար մոտեցավ և տրորեց իմ ոտքը` հուսալով, որ կհաջողի իրականացնել, ինձ հունից հանելու ստոր սցենարը:
Պարոն ոստիկանապետ, թեև այդ թափթփուկները ուղղակիորեն չասացին, որ կատարում են ձեր հանձնարարականը և չհայտարարեցին իրենց ով լինելը, սակայն նրանց փողոցային, անտակտ, անտաշ և անգրագետ պահվածքը լրիվ համընկնում էր ձեր ենթակա քրեական հետախուզության աշխատակիցների նկարագրին, ավելին, նրանց գործողությունները լրիվ համապատասխանում են այն բոլոր ապօրինիություններին, որ կես գիշերից հետո արդեն կատարեցին ձեր համազգեստավոր ենթակաները»:
Գասպարին պատմում է, որ գիշերվա ընթացքում ոստիկանները երեք անգամ իրեն Ազատության հրապարակից տարել են Համալիրի մերձակայքում գտնվող տարածք և իջեցրել այնտեղ, որից հետո նա ամեն անգամ հետ է վերադարձել:
«Այնուամենայնիվ, վերոհիշյալի մասին իրավական պատասխանատվությունից բացի, որպես ոստիկանապետ և տղամարդ դուք ինչպե՞ս եք նայում ձեր երեխաների աչքերին, երբ Մալաթիայում 3 հանցագործներ մեկ ժամ շարունակ ծեծելով սպանեցին Արտյոմ Ղազարյանին, և ձեր ենթակա ոչ մի ոստիկան չմոտեցավ նրանց: Իսկ դուք մի ամբողջ ջոկատ ողջ գիշերը կազմ պատրաստ պահում եք Ազատության հրապարակում` մեկ ցուցարարի օրինական իրավունքները սահմանափակելու համար:
Ձեր ենթակաների ցինիկ մեկ արտահայտության մասին ևս պիտի նշեմ, որ խուլիգան Ռ. Մելքոնյանը, ինչպես նաև ոչ պակաս խուլիգան Վ. Օսիպյանը իմ` գետնին պառկելու բողոքը ձևակերպում են «հոգեկան հիվանդի» պահվածք: Սա բրեժնևյան ոստիկանապետության զինանոցից հանված, հավանաբար, ձեր կազմակերպած արշավն է, երբ ձեզ նման մինչև ուղն ու ծուծը բրեժնևյան պրոդուկտ պաշտոնյաները իրավապաշտպաններին հոգեկան հիվանդներ էին հայտարարում:
Այնուամենայնիվ, չհասկացողների համար նշեմ, որ գետնին պառկելը միջազգայնորեն ճանաչված բողոքի արտահայտման ամենախաղաղ միջոցն է ընդդեմ ամենաբիրտ ոստիկանական ռեժիմների, որտեղ ինչպես Հայաստանում, գնդակահարում են խաղաղ ցուցարարներին, և ստախոս ոստիկանները հայտարարում են, որ իբր թե իրենք են բռնության ենթարկվել խաղաղ ցուցարարների կողմից: Այնպես որ, եթե ձեզ դուր չի գալիս, որ քաղաքացին պառկի գետնին, ապա հարգեք նրա բողոքելու սահմանադրական իրավունքը. ձեր ենթականերին մի վերածեք ավազակախմբերի, և, ի վերջո, ոստիկանության բաժիններում մի սպանեք մարդկանց: Ի դեպ, միայն հրապարակված փաստերի համաձայն` վերջին տարիներին մեկ տասնյակից ավել մարդիկ են ողջ-առողջ բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, և մի քանի օր կամ նունիսկ մի քանի ժամ հետո նրանց դիակներն են հանձնվել հարազատներին: Այն, որ դուք կոծկում եք այդ սպանությունները, դրանից, այնուամենայնիվ, չի փոխվում այն փաստը, որ մարդ է մտել ոստիկանություն, և դիակն է դուրս բերվել ոստիկանությունից` այն էլ ավելի քան մեկ տասնյակից ավել մարդու: Թեև էս ամենը պարապ խոսակցություն է ձեզ համար, և ոստիկանության բոսերը գերադասում են Եվրոինտեգրման ծրագրերի արտասահմանյան ուղղևորությունների շրջանակներում ծանոթանան, որ հացի դանակով չի թույլատրվում մարդ սպանել, և որ գետնին պառկած ցուցարարին չի կարելի ցինիկ կերպով մոտենալ, առավել ևս նրան «հոգեկան հիվանդ» անվանել», – նշված է Վարդգես Գասպարիի` ոստիկանապետին ուղղված հայտարարության մեջ: