Արմավիրի մարզում կանանց բռնությունն առկա է և մեծ տոկոս է կազմում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:
«Բաց հասարակության ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի օժանդակությամբ «Արմավիրի զարգացման կենտրոն»-ն Արմավիրի մարզում իրականացրել է հետազոտություն` «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը Արմավիրում», որի արդյունքների ամփոփումը կայացավ այսօր:
Առաքելյանի խոսքով` ծրագրի շրջանակներում իրենք ոչ միայն հետազոտություն են իրականացրել, այլ նաև իրազեկման քարոզարշավ Արմավիր քաղաքում և տասը մերձակա գյուղական համայնքներում:
«Կար մի նրբություն` հարցումը, իհարկե, անանուն էր, բայց, ամեն դեպքում, երբ կնոջը հարցնում էինք` «Դուք բռնության ենթարկվո՞ւմ եք», երբեմն խուսափում էր պատասխանել, բայց երբ հարցնում էինք` «դուք նման դեպքեր գիտե՞ք», բոլորը միանշանակ պատասխանում էին` «այո»», – պատմել է Նաիրա Առաքելյանը:
Նրա խոսքով` առկա է ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաև հոգեբանական, տնտեսական բռնություն:
Խոսելով բռնության պատճառների մասին` Նաիրա Առաքելյանն ասաց, որ դրա պատճառներից մեկը ոչ իրազեկված լինելն է, առկա է նաև վախի մթնոլորտը, ինչպես նաև մեծ դեր են խաղում հայկական հոգեկերտվածքն ու կարծրատիպերը:
«Շատ կանայք ասում էին, որ լավ կինը պետք ենթարկվի ամուսնուն, նա ընտանքիի գլուխն է և շատ դեպքերում, երբ հարցնում էինք` «եթե բռնությունն առկա է, ինչո՞ւ որևէ մեկի օգնությանը չեք դիմում», նրանք պատասխանում էին, որ դա պետք է մնա իրենց ընտանիքի պատերի ներսում»,- ասել է Նաիրա Առաքելյանը:
«Բաց հասարակության ինստիտուտի» օժանդակության հիմնադրամի հայաստանայն մասնաճյուղի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, ով հանդես եկավ բացման խոսքով, ասաց, որ իրենց հիմնադրամը երկարամյա գործունեության ընթացքում միշտ ուշադրության կենտրոնում է պահել այն խնդիրները, որոնք վերաբերում են կանանց և երեխաների իրավուքններին:
Ամիրյանի կարծիքով` տվյալ ծրագիրը ևս մի առիթ է որ ընտանեկան բռնությունների շուրջ քննարկում իրականացնելու համար: