Home / Հայաստան / Նախկին քաղբանտարկյալը պահանջում է խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը

Նախկին քաղբանտարկյալը պահանջում է խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքը

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ, Վարդգես Գասպարին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ս/թ հոկտեմբերի 2-ին, շաբաթ օրը ժամը 18-ից ես կրելով մոտ 50×70 սմ չափերի մի պաստառ սկսեցի իմ մեկ օրյա նստացույցը Ազատության հրապարակում: Մինչ կես գիշեր ինձ մոտեցան ոստիկանության աշխատակիցներ  /սերժանտ Եղիազարյանը ժամը 18:30-ին, իսկ Համբարձումյանը և Առաքելյանը ժամը 22-ին/, և փորձեցին պարզաբանություններ ստանալ իմ ակցիայի մասին, սակայն չխոչնդոտեցին իմ ակցիան:

Ավելի ուշ, արդեն լույս կիրակի  հոկտեմբերի 3-ին, ժամը 1-ին ինձ քնից արթնացրին մոտ մեկ տասնյակ ոստիկաններ գնդ. Ռ. Մելքոնյանի գլխավորությամբ: Նրանք հայտնեցին, որ իմ ակցիան անօրինական է, քանի որ ես չեմ ստացել համապատասխան թույլտվություն քաղաքապետարանից: Նրանք հարկադրանքի կիրառմամբ ինձ նստեցրին  ոստիկանության  057ՈՍ02  համարի  Գազել մեքենան, հեռացրին Ազատության հրապարակից և տարան իջեցրին Մարզահամերգային համալիրի մոտ: Նշեմ` մինչ Գազելը նստեցնելը Ռ. Մելքոնյանը կատաղած դիմելով ինձ պահանջեց ինքս հեռանամ Ազատության հրապարակից, նաև դրսևորելով խուլիգանական կեցվածք, հափշտակեց, ճմռթեց և իր հետ տարավ իմ պաստառը` նաև վիրավորելով իմ մարդկային արժանապատվությունը, ինձ  անվանեց «հոգեկան հիվանդ» և «աննասուն»:

Ես Համալիրի մոտ իջեցվելուց հետո վերադարձա Ազատության հրապարակ շարունակելու իմ ակցիան, սակայն երկրորդ անգամ նույն կերպ,  այս անգամ մի խումբ բերետավորներ, ժամը 4:30-ին,  ինձ հարկադրանքով խցկեցին ոստիկանության 315ՕՕ2 համարի Ֆորդ մեքենան և կրկին տարան համալիրի մոտ և ինձ դրեցին մայթին:

Նույն պատմությունը կրկնվեց երրորդ անգամ ժամը  6-ին:

Պահանջում եմ իմ սահմանադրական իրավունքը` խոսքի ազատության, խաղաղ ցույց անելու, ազատ տեղաշարժի, իմ մարդկային արժանապատվությունը վիրավորելու առնչությամբ հարուցել քրեական գործ, պատասխանատվության ենթարկել մեղավորներին»: