Home / Армения / Նորավանքում բացվել է Մոմիկի թանգարանը

Նորավանքում բացվել է Մոմիկի թանգարանը

Երեկ Վայոց Ձորում տեղի են ունեցել Հայկական վերածննդի ժամակաշրջանի հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի 750-ամյակին նվիրված տոնակատարությունները։  Տոնակատարություններին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նորավանքի վանքային համալիրի տարածքում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացման արարողությունը, որտեղ կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին թանգարանի բացման առթիվ։ Թանգարանի ցուցադրությանը ծանոթանալաց հետո կայացել է Մոմիկի 750-ամյակին նվիրված պետական հանձնաժողովի հոբելյանական նիստը, որը վարել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետին զեկուցվել է կառավարական հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրի կատարման ընթացքի և հետագա անելիքների մասին։

Ամփոփելով հոբելյանական նիստը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք արձանագրում ենք, որ բոլոր այն միջոցառումները, որ հանձնաժողովը հաստատել էր, ի կատար են ածվել, և որոշ միջոցառումներ էլ ընթացքում են։ Մեր քաղաքացիներին զանգվածային լրատվության միջոցներով փորձել ենք ներկայացնել Մոմիկի ժառանգությունը։ Իրականացված միջոցառումները` թե՛ երիտասարդների այցելությունները, թե՛ մրցույթները, թե՛ կրթաթոշակի սահմանումը, այդ մասին են վկայում»։