Գաղթնիք չէ, որ Էդվարդ Նալբանդյանի հետ մենք լավ ընկերներ ենք դեռ ուսանող ժամանակներից: Այս անգամ անգլերենով Երևանում այսպես իր խոսքը սկսեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Հիշեցնենք, որ նախորդ այցելության ժամանակ Վաշաձեն խոսել էր ռուսերեն:
Հավանաբար, այդ ընկերությունն է պատճառներից մեկը, որ, Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում հիանալի փոխհամաձայնություն կա:
Վրաստանի ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները երբևէ ավելի բարձր մակարդակի վրա չեն եղել, քան այսօր, և դա «շնորհիվ երկու երկրների նախագահների համագործակցության և արտգործնախարարների փոքր օգնության»:
Վաշաձեի խոսքով` որպես հարևան երկրներ Հայաստանը և Վրաստանը միշտ էլ կունենան քննարկելու հարցեր:
«Մենք, սակայն, ցանկանում ենք այդ հարցերը չվերածել խնդիրների», – հայտարարել է Վաշաձեն:
Նա նշել է, որ յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկումների ժամանակ երկու կողմերը գտնում են ընդհանուր կետեր:
«Մենք հաջողություններ ենք գրանցել: Երկու երկրների միջև առևտրի շրջանառությունն աճել է 53 տոկոսով (նկատի ունի 2010թ. 9 ամսվա ընթացքում – Epress.am): Դա բավական լուրջ նվաճում է 2010 թվականի համար, եթե հաշվի առնել, որ աշխարհը դեռևս գտնվում է ճգնաշամի մեջ: Ամեն դեպքում, 114 միլիոն դոլարի շրջանառությունը երկու երկրների համար ծիծաղելի ցուցանիշ է, և մենք պետք է լուրջ աշխատանք տանենք` այդ ցուցանիշը բարձրացնելու համար», – ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Վաշաձեն հայտարարել է նաև, թե ինքը և Էդվարդ Նալբանդյանը գիտակցում են երկու նախարարությունների պատասխանատվությունը Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու հարցում:
«Այդ հարաբերությունները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որին արժանի են մեր ժողովուրդները», – հավելել է Վաշաձեն: