Այսօր Թուրքիայում յուրաքանչյուր երրորդ ամուսնություն կարելի է «անչափահաս» համարել: Անչափահաս բառն այս դեպքում վերաբերում է հիմնականում կանանց:
Տարբեր հետազոտությունների տվյալներով` Թուրքիայում ամուսնացած կանանց 33%-ը մանկահասակ է: «The Flying Broom Women’s Communication and Research Association» կազմակերպությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել` ուղղված վաղ ամուսնությունների խնդրի հաղթահարմանը: Նախաձեռնության անվանումն է «Մանկահասակ հարսներ. կործանարար ավանդությունների և նահապետական ժառանգության զոհերը»:
Նախագիծը հովանավորվում է Սաբանչի հիմնադրամի հասարակական զարգացման դրամաշնորհային ծրագրով: Թուրքական լրագրողների հետ զրույցում Սաբանչի հիմնադրամի նախագահ Հյուսնյու Պաչասիօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում «անչափահաս ամուսնությունները» նույնիսկ 37 տոկոս են կազմում, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում հասնում են 68 տոկսոսի: Պաչասիօղլուի կարծիքով` այս խնդիրը հաղթահարելու համար կարևոր է հաշվի առնել թե հասարական, թե տնտեսական գործոնը: