Home / Армения / Յանուկովիչը կարևորում է Հայաստանի հետ կապերը

Յանուկովիչը կարևորում է Հայաստանի հետ կապերը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ և համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ` այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձևավորված է, և նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաև կարևորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը:

«Ուկրաինայում այժմ տնտեսական և քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը», – Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան:

Երկուստեք կարևորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը: