«Эхо Москвы» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին իր բլոգում վերջակետ է դրել երևանյան կոնֆերանսի ընթացքում ծագած «սկանդալային» պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Գանապոլսկին հայկական լրագրողներից պահանջել էր ներողություն խնդրել, որին ի պատասխան հայկական news.am կայքը հրապարակել էր երևանյան կոնֆերանսի սղագրությունը, որը, ըստ կայքի խմբագրության, ապացուցում է ռուսաստանցի լրագրողի պահանջների անհիմն լինելը: Բացի այդ, կայքը հայ ազգի հասցեին է վերագրել Գանապոլսկու բլոգում նշված «պարտյանկա» բառը, որը վերաբերում էր բլոգում ոչ հիմնավոր մեկնաբանություններին:
Գանապոլսկին հրապարակել է իր պատասխանը հայ քաղաքագետ Թևան Պողոսյանի` իրեն ուղղված նամակին: Համաձայն կայքի մեջբերած սղագրության` Պողոսյանը խոչընդոտել է կոնֆերանսի հյուրերի կարծիքների արտահայտմանը` բողոքելով «ադրբեջանական հիստերիայից»:
Գանապոլսկին նշել է, որ կայքի հոդվածը մեկնաբանելն ավելորդ է` «գրել են այն, ինչ ցանկացել են»:
«Հայաստանն ազատ երկիր է, և դժվար չէ հյուրին հաղթել թղթի վրա, հատկապես նրա հեռանալուց հետո, ավելի դժվար է դա անել կոնֆերանսին ծավալված բանավեճի ընթացքում», – իր բլոգում գրել է Գանապոլսկին:
Թևան Պողոսյանն իր նամակում նաև առաջարկել է Գանապոլսկուն ուղարկել Հայաստանի մասին նյութեր, ինչին ռուսաստանցի լրագրողը պատասխանել է.
«Ես Ձեզ խնդրում եմ անձամբ ինձ չուղարկել Ձեր գործակալության նյութերը: Ինչպես գիտեք, Երևան կատարած իմ այցից հետո հայ լրագրողները, քաղաքագետները և հասարակության մի մասը ինձ մեղադրել են, որ ես վիրավորել եմ մեծն հայ ժողովրդին և Ադրբեջանի օգտին խաղ եմ վարել: Եվ դա միայն այն պատճառով, որ Ձեզ հայտնի կոնֆերանսի ընթացքում ես անհարմար և սուր հարցեր եմ տվել, ինչով էլ պետք է զբաղվի լրագրողը, ով ցանկանում է հասարակության իրական տրամադրությունները պարզել: Դե ինչ, ես այդ տրամադրություններին լիարժեքորեն ծանոթացա», – գրել է Գանապոլսկին:
«Ձեր ուղարկած նյութերը կարող էին օգտագործվել «Эхо Москвы»-ի եթերում տարբեր հաղորդումներում, սակայն, վախենում եմ, բանավեճ չի ստացվի. նրանք, ովքեր «սկանդալ» են անվանում հասարակ սուր բանավեճը, նույն կերպ կընկալեն նաև վերլուծական բնույթի յուրաքանչյուր հաղորդում, այդ թվում` նվիրված հաղարաբղյան խնդրին: Բացի դրանից, «Эхо Москвы»-ի եթերում հաճախ են տեղ գտնում «լեզվակռիվներ», ինչը, հավանաբար, անընդունելի է Երևանում, սակայն «Эхо Москвы»-ի ոճի մի մասն է:
Վախենում եմ` այս ամենը կհանգեցնի հայերի կողմից նոր վիրավորանքների և մեղադրանքների, սակայն այս անգամ` ռադիոկայանի հասցեին, ինչը ես չէի ցանկանա: Այնպես որ, «հայերին չնեղացնելու» համար ստիպված եմ բացառել Հայաստանն իմ հասարակական հետաքրքրությունների շարքից, քանի որ հնարավոր չէ ուսումնասիրել հայ-ադրբեջանական հակամարտությունը և միաժամանակ մտածել` ինչպես չնեղացնել կողմերից մեկին: «Սեփական աչքերով» շարքի հատուկ վերլուծական հաղորդումը նույնպես չեղյալ եմ հայտարարում, թեև ափսոսում եմ դրա համար:
Դրանով երևանյան պատմությունն ինձ հաամր ավարտված է:
P.S. Ի դեպ, հիշեցնում եմ բոլորին` Երևանը, տղաներ, շատ գեղեցիկ քաղաք է: Անպայման գնացեք այնտեղ, եթե հնարավորություն ունենաք: