Չունենալով Սփյուռքի ֆենոմենի ճշգրիտ մեկնաբանություն` այսօր մենք կատարում ենք կոպիտ սխալներ: Սփյուռքում օրենքով գրված չէ, թե ինչպիսի պարտականություններ ունեն սփյուռքահայերը իրենց հայրենիքի նկատմամբ: Այսօր ՄԻԺԻ գրասենյակում «Սարդարապատ» շարժման անդամների հրավերով Ստոկհոլմի արքայական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը խոսել է «Հայաստան-Սփյուռք. հայացք սփյուռքից» թեմայով:
Պրոֆեսորը պարզաբանել է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում սփյուռքը, որն է սփյուռքի ֆենոմենը:
«Հայաստանից պատվիրակություններ են մեկնում այլ երկրներ և հայտարարում, որ հանդիպեցին սփյուռքի հետ: Ի՞նչ է դա, ու՞մ են հանդիպել, մի քանի մեծահարուստների՞, շքեղ ռեստորաններում ընթրել են ու համարում են դա սփյուռքի հետ հանդիպու՞մ»,-իր վրդովմունքն է հայտնել պրոֆեսորը:
«Ես ելույթ եմ ունեցել նաև Սփյուռքի նախարարությունում և ասել, որ այս ֆենոմենը լիովին բացված չէ»,- ասել է Արամայիս Միրզախանյանը և հավելել, որ անհրաժեշտ է ունենալ գիտական մոտեցում:
«Սփյուռքի նախարարությունն ասում է ոսկե կամուրջ ենք կառուցում` Հայաստան-Սփյուռք. ի՞նչ ոսկե կամուրջ, մեզ հարկավոր չէ դա, մենք պետք է բետոնե` աշխատանքային կամուրջ կառուցենք»,- ասել է պրոֆեսորը և կատակել, որ, հավանաբար, անհրաժեշտ է Սփյուռքում էլ Հայաստանի Հանրապետության նախարարություն ստեղծել:
Նշենք, որ Արամայիս Միրզախանյանը ծնվել է Իրանում, միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, այնուհետև ուսանել է Մոսկվայում:
Միրզախանյանը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում հիմնել է լաբորատորիա, և իր միջոցներով բազմաթիվ էլեկտրոնային տեխնոլոգիաներ է ներմուծել: Այժմ նա գլխավորում է Հայաստանի և Ստոկհոլմի ճարտարագիտական համալսարանների համատեղ հանձնաժողովը: