Հոկտեմբերի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Համանախագահները Նալբանդյանին ներկայացրել են Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները և ԼՂ հարակից տարածքներ իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը:
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել նախօրեին ադրբեջանական բանտում առևանգված հայ հովիվի սպանության կապակցությամբ` ընդգծելով, որ շուրջ 25 օր անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել հանդիպելու նրան:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին:
Զրուցակիցները քննարկել են առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա: