Աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերությունը հայտարարել է, որ Երևանի ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանում 100 հազար տոննա արտադրանք է թողարկվել 10 տարվա ընթացքում:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՐՄԵՆԱԼ-ի տարեկան արտադրանքի ծավալը 2000 թ. գործարկման սկզբից ավելացել է առավել քան 20 անգամ:
Արտադրանքի հիմնական մասը` գրեթե 65%-ը, արտադրված է գործարանի լայնածավալ համալիր վերազինումից հետո, որն ավարտվել է 2006 թ. վերջին:
Նշենք,որ ԱՐՄԵՆԱԼ-ը Հայաստանի գլխավոր արտահանողներից մեկն է և առաջատար դիրք է զբաղեցնում արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների ցուցանիշի գծով: Արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին: Իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան և Մերձավոր Արևելքը:
Փաթեթավորման բիզնեսի գծով ՌՈՒՍԱԼ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բուրդինն այս կապակցությամբ նշել է.
«ԱՐՄԵՆԱԼ-ը Ռուսաստանի և ԱՊՀ փայլաթիթեղագլանման առաջատար ձեռնարկություններից մեկն է: Այսօր ԱՐՄԵՆԱԼ-ի առջև կանգնած խնդիրներն են` արտադրության արդյունավետության հետագա բարձրացումը, արտադրանքի որակի կատարելագործումը, ֆինանսատնտեսական ցուցանիշների աճը: Դրանց լուծումը թույլ կտա հաջորդ 100 հազար տոննան արտադրել 4 տարուց էլ պակաս ժամկետում»: