«Լուկօյլ» ընկերության կասպյան նավթը հնարավոր է տեղափոխվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով: Այժմ ընկերությունը գների հետ կապված բանակցություններ է վարում նավթատարի ներկայացուցիչների հետ: «Լուկօյլ»-ը մտադրություն ունի նաև նավթատարի բաժնետեր դառնալ, քանի որ այս դեպքում նավթի մատակարարումը ավելի էժան կլինի, հաղորդում է РБК-ն:
Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ադրբեջանական SOCAR ընկերության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ «Լուկօյլը» շահագրգռված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով վառելիքի մատակարարման հարցով: Նա նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում այդ հարցի վերաբերյալ:
«Լուկօյլ»-ի ներկայացուցիչը РБК-ի հետ զրույցում նույնպես հաստատել է այս տեղեկատվությունը: Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ընկերության կողմից դիտարկվող չորս նավթատարներից մեկն է: