Նոր բյուջեով զգալիորեն ավելանալու են տարբեր ոլորտներին հատկացվող գումարները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Շուրջ 15 տոկոսով ավելի միջոցներ կհատկացվեն մշակույթի նախարարությանը, 9 մլրդ դրամով կաճեն առողջապահությանն ուղղված հատկացումները, կավելացվեն նաև գիտությանն ու կրթությանը հատկացվելիք միջոցները, որոնք կծառայեն դպրոցաշինությանը և կուղղվեն այլ նպատակների։ Մեծ են լինելու նաև պաշտպանական ոլորտին հատկացվելիք միջոցները: Այս հարցի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարը մանրամասներ չհաղորդեց։
Դավթյանի խոսքով` լրացուցիչ միջոցներ են հատկացվելու նաև կենսաթոշակների ավելացմանը։ Արդեն նոյեմբերից կենսաթոշակները կավելանան 12 տոկոսով։ Շարունակվելու են ավանդների փոխհատուցմները, որոնց համար հաջորդ տարի հատկացվելու է 1,6 մլրդ դրամ: Սա ավելին է, քան նախաճգնաժամային տարում` 2008 թվականին։
Կավելանան նաև Լեռնային Ղարաբաղին հատկացվող աջակցության գումարները։
Ըստ Հայաստանի ֆինանսների նախարարի, հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան չնչին կերպով։
«Աշխատավարձերի բարձրացում նախատեսել ենք ցածր միջոցներ ունեցող ոլորտներում, օրինակ մշակույթի, գիտության և այլն»,- ասել է Տիգրան Դավթյանը։
Հաջորդ տարի 27 մլրդ դրամ է հատկացվելու աղետի գոտում առկա խնդիրների լուծմանը։