Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի կարծիքով` Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը խախտում է օլիմպիական խարտիայի գլխավոր սկզբունքներից մեկը` զբաղվում է քաղաքականությամբ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Վաղը ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստ, ուր քննարկվելու է ֆեդերացիայի նախագահին անվստահություն հայտնելու հարցը: Ալեքսան Ավետիսյանը, ով 1992 թվականից մինչև 1999 թվականը գլխավորել է ՀԱՕԿ-ը, նիստին չի մասնակցելու, քանի որ այս օրերին Շվեյցարիայում մասնակցում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստին: «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ ինքը հրաժարական չի ներկայացրել, իսկ իր դեմ դիմումների տակ ստորագրել են վախի, շանտաժի ազդեցության տակ:
«Ձյուդոյի ֆեդերացիայի գրեթե բոլոր անդամների վրա ճնշումներ են գործադրվում, ու մարդիկ ստիպված ստորագրել են այդ թղթի տակ», – ասել է Ավետիսյանը:
Նա նշել է, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը տեղյակ է ստեղծված իրավիճակին և իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ: Ավետիսյանի խոսքով` Վիզերը պատրաստվում է այդ մասին տեղեկացնելՄՕԿ-ի ղեկավարներին` «պահանջելով վերջ տալ ՀԱՕԿ նախագահի անօրինականություններին»:
Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Մարիուս Վիզերն իր անձնական ինքնաթիռով ժամանելու է Երևան: