Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր նշում է իր ծննդյան 58-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ նրան շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Մոսկվայի հետ բացահայտ կերպով հակամարտող քաղաքական գործիչը վարչապետին ուղղած իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ «Պուտինի հարուստ փորձն ու հեղինակությունը որպես ղեկավար շարունակելու է նպաստել Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը` փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության շրջանակում»:
Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձը տեղադրված է իր պաշտոնական կայքում:
Նշենք, որ հարաբերությունների ամրապնդման համար Լուկաշենկոն դիմել է Պուտինին, այնինչ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ նրանք անընդհատ կտրուկ հայտարարություններով են փոխանակվում: Լուկաշենկոն անտարբերության էր մատնել Դմիտրի Մեդվեդևի ծննդյան օրը և հրապարակավ նրան չէր շնորհավորել: Հարևան երկրների մեջ նա միակ նախագահն էր, ով այդպես էլ չշնորհավորեց ՌԴ նախագահի 45-ամյակը: