Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երևանում են տարածաշրջանային այցի շրջանակներում: Համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:
Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսումնասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը` Նախիջևանում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ` միջնադարյան եզակի խաչքարեր:
Նախագահ Սարգսյանը կարևորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: