Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը պաշտոնապես դիմել է ադրբեջանական իշխանություններին, որպեսզի իրավունք ստանա այս տարի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես պատգամավորի թեկնածու:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին լրագրողներին տեղեկացրել է ինքը` Գրիգորի Այվազյանը, ով, ի դեպ, ներկայացել էր իր մոր հետ:
«Ես մեկ միլիոն ադրբեջանահայերի անունից դիմել եմ, բայց մինչ այժմ որևէ պաշտոնական պատասխան չենք ստացել: Ադրբեջանի իշխանությունները բավարարվեցին միայն APA գործակալության միջոցով հայտարարություն անելով, թե ես իրավունք չունեմ թեկնածություն առաջադրելու, քանի որ Ադրբեջանի քաղաքացի չեմ»,- ասել է ոսկյա զարդերով պճնված Այվազյանը և ի ցույց դրել այն Ադրբեջանի այն օրենքը, որը կարգավորում է այդ հարցը:
«Պանախովը (Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ – Epress.am), կարծես, չգիտի իր երկրի օրենքները` 52-53-րդ հոդվածների հիմքերով ես իրավունք ունեմ առաջադրվելու և ես համարվում եմ Ադրբեջանի քաղաքացի», – նշել է բանախոսը և հավելել, որ եթե ադրբեջանական իշխանությունները չընդունեն իրենց օրինական պահանջը, այդ դեպքում իրենք ստիպված կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել այլընտրանքային միլի մեջլիս և անցկացնել այլընտրանքային ընտրություններ, որի օրինակը կա համաշխարհային պրակտիկայում: