«Ազգային ժողովն ինձ համար անսովոր չէր, սակայն անսովոր էր, որ այնտեղ էի նստած, փոխնախագահի պաշտոնում էի», – այսօր, «Կենտրոն» հեռուստատեսության եթերում խոսելով Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին աշխատանքային օրվա մասին, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը:
«Մարդուն կարող են վստահել, եթե հասկանում են, որ նա ինչ-որ տեղ արժանիքներ ունի, և այդ արժանիքները գնահատվում են: Այդ արժանիքների գնահատականն էր այն, որ այսօր ես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ լինելով նոր մարդ, ինձ առաջարկվեց այդ պաշտոնը: Ես ինձ համար պատիվ եմ համարում, որ այդ վստահությունն ինձ տրվեց», – ասել է Սամվել Բալասանյանը:
Նա նշել է, որ տրված վստահությունը ստիպում է իրեն պատասխանատվություն կրել, առաջին հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առջև, նաև քաղաքական կոալիցիայի առջև:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու առկա չորս թեկնածուներից «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնը վստահել է հենց իրեն, Սամվել Բալասանյանն ասել է, որ ինքը չի կարող հստակ պատասխան տալ այդ հարցին:
«Երևի այդ անցած ճանապարհով, ունեցած փորձով, երևի գնահատվեց էդպես, որովհետև այդ գնահատականը տրվեց կուսակցության կողմից: Ես չեմ կարող ասել, թե ինչի համար: Դա մեր քաղաքական որոշումն էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, որը և հայտարարվեց: Այդ հարցին պատասխան տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», – հեռուստաեթերում հայտարարել է Սամվել Բալասանյանը: