Այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որին ներկա էին և ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն:
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթի ընթացքում կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը` որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ մաս, որը լրացնում և ամբողջացնում է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունն ու բազմաոլորտ հարաբերությունները:
Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով ամեն տարի կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում իրականցվում է շուրջ հինգ տասնյակ ծրագիր:
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել համաժողովի կողմից ընդունվելիք hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Խարտիան` ընդգծելով, որ այն կնպաստի շփումների շարունակականությանն ու պարբերականությանը, և համոզմունք հայտնել, որ Խարտիան կդառնա ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևոր մեխանիզմ: