Նախկին Բոգդանովկա քաղաքում վրացական իշխանությունները որբանոցի անվան տակ մի տարօրինակ շինություն են նախաձեռնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողներին այս մասին հայտնել է «Ջավախք» հ/մ նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և ցույց տվել արբանյակից արված լուսանկարը, որում պատկերված է բարձր պարիսպներով կառույցը:
«Շատ կասկածելի շինություն է, որտեղ ամեն երեկո մեծ թվով բեռնատարներ են գալիս, բեռնաթափվում, գնում»,-ասել է Շիրակ Թորոսյանը և հավելել, որ յուրաքանչյուր հետաքրքրվող անձ բախվում է վրացական ազգային անվտանգությանը, ինչը նաև փաստել է ասուլիսին ներկա գտնվող լրագրողներից մեկը:
Շիրակ Թորոսյանը ներկայացրել է ևս մեկ, իր խոսքերով, կասկածելի կառույցի օրինակ.
«Մոկալ գյուղում էլ գործում է մի հոգևոր կենտրոն, և թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ վեղարի տակից այդ, այսպես կոչված, հոգևորականները (նկատի ունի վրացի հոգևորականներին – Epress.am) զինվորական հագուստ են կրում»,- ասել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ հարակից գյուղերում այդ հոգևորականները թմրանյութեր են տարածում: