Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական գործունեություն չի ծավալում և սպասում է նախագահական ընտրությունների անցկացմանը` Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու համար:
Մեկնաբանելով այս հայտարարությունն ու պարզաբանելով, թե կոնկրետ ինչ «պռոեկտ» է «Ժառանգությունը», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշել է.
««Ժառանգությունը» պռոեկտ չէ, «Ժառանգությունն» ամերիկյան չէ: Եվ խնդրում ենք ոչ քաղաքական կարծիքների վերաբերյալ մեկնաբանություններ չխնդրել»:
Նրա խոսքերով` հարգելով ցանկացած մարդու կարծիքը, նման դեպքերում «կարող ենք մեկնաբանել այգում նարդի խաղացող յուրաքանչյուրի կարծիքը»:
«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքերով` կա մի նշաձող, որը մարդիկ, որոնք կարծում են, թե քաղաքականությամբ են զբաղվում, անցնում են:
«Նրանք, ըստ էության, զբաղվում են քաղաքական ջեբկիրությամբ», – նշել է Հակոբյանը, որից հետո դահլիճում ծիծաղ է լսվել: