Օրաթերթը գրում է ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանի առևանգման մասին:
Մենք տեղեկացրել էինք, որ իշխանական շրջանակներում բավական ուշագրավ մի պատմություն է շրջանառվում այն մասին, որ մոտ տասը օր առաջ հանկարծակի անհետացել էր ՄԱՊ ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին: Անհետանալուց կարճ ժամանակ անց Պետրոսյանը զանգ էր ստացել, որտեղ զանգահարողը վերջինիս հարցրել էր, թե ինքը պատրա՞ստ է վճարել իր որդու համար: Ըստ այդ լուրերի` զանգահարողը նույնիսկ չի սպասել Պետրոսյանի պատասխանին և անմիջապես դրել է հեռախոսը: Ըստ նույն լուրերի` Պետրոսյանը դիմել է ինչ-որ միջնորդների, և հաջորդ օրը Պետրոսյանի որդին տուն է վերադարձել:
Այդ լուրերի համաձայն, սակայն, միջնորդներն էլ իրենց բաժինն են ուզել` ՄԱՊ-ի Ալիկի որդուն ազատելու համար: Երեկ մեզ հաջողվեց պարզել այս դեպքի անրամասները: Այսպես, ինչպես հաղորդում են իշխանական մեր աղբյուրները, ըստ նույն լուրերի, այդ միջնորդները, ոչ ավել ոչ պակաս, Սերժ և Սաշիկ Սարգսյան եղբայրներն են եղել: Ըստ այդ լուրերի` որդու անհետանալուց հետո Պետրոսյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ և խնդրել է մի բան անել` որդուն վերադարձնելու համար: Այդ խնդրանքից մեկ օր անց Պետրոսյանի որդին անսպասելիորեն տուն է վերադարձել, սակայն ասել է, որ չի կարող ասել, թե իրեն ովքեր են առևանգել, քանի որ չի տեսել նրանց դեմքերը: Ինչպես որ հարկն է, Պետրոսյանը անմիջապես գնացել է Սերժ Սարգսյանի մոտ` շնորհակալություն հայտնելու, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է, թե շնորհակալությունը պետք է հայտնել ոչ թե իրեն, այլ եղբորը` Սաշիկ Սարգսյանին, ով զբաղվել է այդ հարցով: Պետրոսյանը շտապել է ԱԺ և այնտեղ բռնացնելով Սաշիկ Սարգսյանին` փորձել է հիմա էլ նրան շնորհակալություն հայտնել: Ի պատասխան, սակայն, ըստ նույն լուրերի, Սաշիկ Սարգսյանն ասել է, թե այդ հարցը շնորհակալությամբ չի լուծվում, և որ ինքը պետրոսյանին առաջիկայում կասի, թե իր ՄԱՊ գործարանի բաժնետոմսերի 30 տոկոսը ում անունով գրի: