Մոսկվայի քաղաքապետի ընտրության գործընթացը կանցնի չորս փուլով: Այս մասին «Ведомости» օրաթերթի հետ զրույցում ասել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներից մի քանիսը: Այսօր կուսակցության անդամները խորհրդակցություն են անցկացնելու ,որից հետո հանդիպելու են նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի հետ: Շաբաթ օրը կուսակցության գլխավոր խորհուրդը կհաստատի թեկնածուների ցուցակն ու Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում այն կհանձնեն նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Նախագահը երկու շաբաթվա ընթացքում պիտի որոշում կայացնի, որի մասին հնարավոր է մեկ շաբաթ անց հայտնեն`հետաքրքրությունը պահպանելու համար:
Ведомости-ն վերջին օրերին հարցում է անցկացրել կուսակցության անդամների, Կրեմլի և կառավարության քաղաքական գործիչների և իշխանությանը մոտ կանգնած գործարարների շրջանում: Հարցման արդյունքում պարբերականը կազմել է հավակնորդների լայն ցուցակը, որոնց անունները շրջանառվում էին Լուժկովի պաշտոնանկ լինելու առաջին իսկ օրից: Պարբերականը կազմել է նաև հավակնորդների նեղ ցուցակը այն թեկնածուներից, որոնց անունները շրջանառվում են վերջին օրերին: Լայն ցուցակում են հայտնվել փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինը, Իգոր Շուվալովը, Ալեքսանդր Ժուկովը, Ալեքսանդր Խլոպոնինը, Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բեգլովը, նախագահի գործերի ղեկավար Վլադիմիր Կոժինը, Վալերի Շանցևը, Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինն ու Կալինինգրադի նախկին մարզպետ Գեորգի Բոոսը:
Նեղ ցուցակում են` Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Կոժինը, Սերգեյ Շոյգուն և Ալեքսանդր Բեգլովը: Հարցման մասնակիցների մեծ մասը որպես հիմնական թեկնածու նշել են Սոբյանինի ու Շուվալովի անունները: