Home / Армения / Մարսելի փոխքաղաքապետը հիասթափված է թուրքերի քաղաքականությունից

Մարսելի փոխքաղաքապետը հիասթափված է թուրքերի քաղաքականությունից

Երեկ Մարսելի փոխքաղաքապետ, հայ-ֆրանսիական առևվտրարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիե Փարաքյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին նա տեղեկացրեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

«Ես ասացի, որ նա շատ քաջ քայլ ձեռնարկեց` սկսելով հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը», – ասաց Փարաքյանը:

Նշենք, որ փոխքաղաքապետը Ֆրանսիայում կազմակերպել է Հայոց Ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը Սենատի օրակարգ բերելուն միտված ստորագրահավաք, որին արդեն մասնակցել է 1200 մարդ: Այդ արշավին միանալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 10 պատգամավոր:

«Ցավոք, առաջին անգամ, երբ այս օրենքը մտավ Սենատ, այնտեղ թաղվեց: Այսօր Ֆրանսիայում մենք ունենք 500 հազար հայ, որոնցից 100 հազարը Մարսելում է բնակվում: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս օրենքն ընդունվի Սենատում», – նշեց Փարաքյանը:

Նա նաև հայտարարեց, թե ինքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման կողմնակից է: «Ես մոտ երեսուն թուրք մտավորականների էի հրավիրել Մարսել, որոնք եկան և համայնքից ներողություն խնդրեցին Ցեղասպանության համար: Եվ ֆուտբոլային դիվանագիտությունից հետո ես սկսել էի բիզնեսի դիպլոմատիա, որի նպատակն այն է, որ Մարսելի հայ և թուրք գործարարները համագործակցեն միմյանց հետ»:

Սակայն, նրա խոսքերով, հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, այն նախաձեռնությունը հազիվ թե իրականանա: «Կրկին անգամ հիասթափվեցինք թուրքերից, և ամբողջ աշխարն ընդհանրապես հիասթափվեց Թուրքիայի քաղաքականությունից»: