ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան կժամանի Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Այնուհետև Սլովենիայի նախագահը կհյուրընկալվի ՀՀ նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի և Սլովենիայի նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Սլովենիայի նախագահը կայցելի Մատենադարան և Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ նախագահներ Դանիլո Թյիրկը և Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի և տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի նստավայրում Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Սլովենիայի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ: