Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:
Ազգային ժողովում տեղի ունեցավ առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Ալի Լարիջանիի միջև:
Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով:
Խորհրդարանների ղեկավարները նշեցին, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, կարևորեցին տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը և կոնկերտ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին:
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ 2009 թվականի սեպտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցին և կարևորեց այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարևորեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական գնահատեց այդ այցը, որը նպաստեց նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Հանդիպմանը կարևորվեց տնտեսական կապերի սերտացումը և այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվեց, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևոր համարեց այն ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:
Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին և առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարեւանների հետ, և խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասաց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարեւոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշեց, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ եղավ նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան: