Home / Армения / Մենք բոլոր առումներով գերազանցեցինք Սլովակիային. մարզիչ

Մենք բոլոր առումներով գերազանցեցինք Սլովակիային. մարզիչ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրո-2012 – ի ընտրական փուլում տարած առաջին հաղթանակից հետո (3։1) կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ իր սաները ամեն առումով գերազանցեցին Սլովակիայի հավաքականին և արժանիորեն հաղթեցին։

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին։ Ես շատ գոհ եմ և ասեմ, որ հաշիվը լիովին համապատասխանում է խաղին։ Մենք ամեն առումով գերազանցեցինք Սլովակիայի հավաքականին։ Նախապես որոշել էինք սլովակների դեմ խաղալ մանր և միջին փոխանցումներով, իսկ արդյունքը ինքներդ եք տեսնում», – ասել է Մինասյանը։
 
Ինչ վերաբերում է մրցակցի որոշ ֆուտբոլիստների այն հայտարարություններին, թե հայերը փորձելու էին պրովոկացիայի դիմել, Վարդան Մինասյանը դրանք համարեց անհեթեթություն՝ ավելացնելով, որ «ընդհակառակը, հենց Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստներն էին փորձում պրովոկացիայի ենթարկել մեզ»։
 
Խոսելով հաջորդ մրցակցի` Անդորրայի հավաքականի մասին, Մինասյանը ընդգծեց, որ իրենք ոչ մեկին թերագնահատել չեն պատրաստվում, և նույնիսկ ավելին` անդորրացիների հետ ավելի դժվար է լինելու, քան սլովակների հետ խաղում։

Հաջորդ խաղը 2 դեղին քարտերի պատճառով բաց կթողնի Կառլեն Մկրտչյանը, սակայն մեզ համար հաղթանակից բացի այլ արդյունք ընդունելի չէ։

Այն հարցին, թե ինչ տեղ կզբաղեցնի մեր հավաքականը ընտրական խմբում, Մինասյանը պատասխանեց.

«Ես այդ մասին չեմ մտածում, քանի որ առայժմ ինձ մտահոգող միակ խնդիրը դա Անդորրայի հավաքականի հետ հանդիպումն է»։

Հիշեցնենք, որ Հայաստան – Անդորրա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։