Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆաելյանն անդրադարձել են Երևանի քաղաքային պանթեոնից կիսանդրիների գողություններին:
Մասնավորապես, Կարինե Ռաֆաելյանը պատմել է, որ ինքը կողոպուտի մասին իմացել է հոկտեմբերի 6-ին, այնինչ, ըստ ոստիկանության, դեպքը տեղի է ունեցել ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ռաֆաելյանը զարմացած է, թե ինչպես 300 կգ քաշ ունեցող կիսանդրին հնարավոր էր տանել այնպես, որ Պանթեոնի աշխատակիցները չնկատեին դա:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, իր հերթին, նշեց, որ քաղաքական գործիչների համար պետք է առանձին Պանթեոն ստեղծվի, իսկ Կոմիտասի անվան Պանթեոնում պետք է հուղարկավորվեն միայն արվեստի գործիչներն ու գրողները:
Նրա խոսքով` պետք է դաս քաղել տեղի ունեցածից և Դերենիկ Դեմիրճյանի աճյունը տեղափոխել Կոմիտասի անվան Պանթեոն:
Գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը նշել է, որ մենք իրավունք չունենք ադրբեջանցիներին մեղադրել մեր պատմամշակությաին կոթողները ոչնչացնելու մեջ:
«Այսօրվա խաչագողերը հայրենիք են թալանում: Հայրենիքը թալանվում է բոլոր իմաստներով», – ասել է Հրաչյա Մաթևոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը կողոպտվեց նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք:
«Ուզում ես հեռանալ այս գետինը մտած իշխանություններից», – ասել է Հրաչյա Մաթևոսյանը, ով ականավոր հայ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է: