ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրների հարցով հանձնաժողովը առաջընթաց է գրանցել Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրել է այդ հանձնաժողովի անդամ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
«Երբ երկու տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց իջեցնել Սևանա լճի մակարդակը, որպեսզի չտուժեն հարակից շինությունները, մենք որոշեցինք մեր ձայնը բարձրացնել, քանի որ լճի մակարդակի իջեցումը բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ կարող էր առաջացնել»,-պատմել է Կարինե Դանիելյանը և հավելել, որ, ցավոք, իրենք չկարողացան հասնել նրան, որ մինչ լճի մակարդակի բարձրացումը կիրառվեն համապատասխան միջոցներ կանաչ տարածքների և աղբի խնդիրների լուծման համար:
«Մեծ քանակությամբ կանաչ տարածքներ անցան ջրի տակ, ինչը կարող է ճահճացման հիմք հանդիսանալ, ինչպես նաև մերձափնյա աղբն անցավ ջրի տակ»,- հավելել է բանախոսը: