Վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիան լուրջ
նվաճումներ է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին
հայտարարել է ականավոր լեզվաբան, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական
համալսարանի պրոֆեսոր Նոամ Խոմսկին` ելույթ ունենալով Ստամբուլի Բիլգի համալսարանի
կողմից կազմակերպված խոսքի ազատության խնդիրներին նվիրված ամենամյա կոնֆերանսին:
Խոմսկին բավական լուրջ վերլուծության է ենթարկել
մարդու իրավունքների ներկա վիճակը Թուրքիայում` այն համեմատելով ԱՄՆ-ում և
Եվրոպայում առկա իրադրության հետ:
Խոմսկու կարծիքով` Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի կողմից Թուրքիայի դեմ կայացրած որոշումները, ինչպես նաև մարդու
իրավունքների ոլորտում ներկայացրած պահանջները, միանգամայն իրավացի էին:
«Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայում նման
խախտումներ չկան, մասնավորապես, խոսքը Բրիտանիայի մասին է, որը ներխուժեց Իրաք», –
ասել է Խոմսկին:
Նրա խոսքերով` Եվրոպան նշում է, որ Թուրքիան չի
կարող մտնել Եվրամիություն, քանի որ խնդիրներ կան մարդու իրավունքների հետ, սակայն
իրական պատճառը դա չէ:
«Ես չեմ կարծում, որ իրական պատճառը դա է…
իրականում դա լիակատար ռասիզմ է», – հայտարարել է Խոմսկին: Նա նշել է, որ
Գերմանիան այն երկրներից է, որտեղ նկատվում է «աջերի հարձակում մահմեդական
ներգաղթյալների վրա»:
Նա նաև հիշատակել է Գերմանիայի կանցլեր Անգելա
Մերկելի վերջին հայտարարությունը, համաձայն որի «Գերմանիայի մշակույթը հիմված է
քրիստոնեական և հրեական արժեքների վրա, և մահմեդականները պետք է ընդունեն դա»:
Խոմսկու խոսքով` հրեաներին Մերկելը հիշատակել է հոլոքոստի պատճառով և ոչ թե այն
փաստի, որ հրեական մշակույթն իրականում ազդել է գերմանական մշակույթի վրա:
Գիտնականի խոսքով` դա «Եվրոպայի խոշորագույն
քաղաքական գործիչներից մեկի կողմից արված ռասիստական հայտարարություն էր»: