Հոկտեմբերի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովենիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Երևան ժամանած իր սլովեն գործընկեր Սամուել Ժբոգարի հետ:
Նախարարները շարունակեցին սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում ունեցած քննարկումները հայ-սլովենական օրակարգի հարցերի շուրջ, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձան Հայաստան –Եվրոպական Միություն հարաբերություններին, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերին և տարեվերջին կայանալիք Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին վերջերս ակտիվացած մշակութային փոխանակումների առնչությամբ, մասնավորապես` այս տարվա սկզբին Սլովենիայում կայացած Հայաստանի մշակույթի փառատոնի կապակցությամբ և կարևորեցին նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը:
Հանդիպումից առաջ նախարարներ Նալբանդյանն ու Ժբոգարը բացեցին հայ-սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել շուրջ հինգ տասնյակ սլովեն գործարար: