ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը:
Երկու նախագահների հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովենիայի նախագահի առաջին այս այցելությունը Հայաստան, երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա:
«Մենք շատ ընդհանրություններ ունենք` համադրելի ենք բնակչությամբ, տարածքով, նույնիսկ ճակատրագրով` նման ենք: Եվ սա, կարծում եմ, լավ հիմք է, որպեսզի մենք զարգացնենք և ամրապնդենք մեր հարաբերությունները», – ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` Սլովենիայի զարգացման օրինակը Հայաստանի համար ուսանելի է:
Անդրադառնալով այս տարեսկզբին Լյուբլյանայում կայացած հայ մշակույթի փառատոնին և այն համարելով Սլովենիայում վերջին շրջանի ամենատպավորիչ մշակութային իրադարձություններից մեկը` Դանիլո Թյիրկը նշել է, որ փառատոնի շրջանակներում իրեն հնարավորություն ընձեռվեց բացահայտել հայ ավանդական ու ժամանակակից մշակույթի խորությունը.
«Մինչ Հայաստան գալն ընթերցում էի մի գիրք Հայաստանի մասին, որը Ցվետկո Զագորսկի անունով սլովենացի հեղինակն է գրել: Մի հիանալի գիրք, որ նա գրել է ձեր մեծ գրողի` Թումանյանի մասին, և որից ես շատ տպավորված եմ»,- ասել է Սլովենիայի նախագահը:
Ընդլյանված կազմով հանդիպմանը հաջորդել է երկու երկրների կառավարությունների միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը. Սլովենիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնագրեր են ստորագրել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, տնտեսական համագործակցության, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, իսկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սլովենիայի արտգործնախարարի հետ ստորագրել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր: