Այսօր ՀՅԴ բյուրոյի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը, Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը և Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանն անդրադարձել են հոկտեմբերի 10-11-ը Երևանում անցկացվող ՀՅԴ լրատվամիջոցների պատասխանատուների համահայկական համաժողովին:
Այդ համաժողովին մասնակցում են աշխարհի 20 երկրների ՀՅԴ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Համաժողովի նպատակը քարոզչական է. ըստ բանախոսների` «այն պիտի պատասխաններ տա ադրբեջանական, թուրքական քարոզչական մեքենային»:
«Խոսքն այն քարոզչության մասին է, որն այդ երկու երկրների կողմից տարվում է Հայաստանի դեմ», – հայտարարել է Սպարտակ Սեյրանյանը:
«Ունենալով ոչ պակաս պրոֆեսիոնալ արտահայտչամիջոցների բազմազանություն` մենք ինչ-որ իմաստով աչքի ենք ընկնում չկազմակերպվածությանբ: Եվ շատ ողջունելի է, որ Սփյուռքի նախարարությունը համատեղ այս նույն օրակարգն է որդեգրում` հայալեզու և հայկական լրատվամիջոցների այս խորհրդաժողովը անցկացնելով: Եվ մի կարևոր այլ խնդիր ևս կա, որ արդի քարոզչամեքենաները, մեթոդները, պետք է շատ արագ յուրացվեն մեր լրատվական դաշտի կողմից և կիրառվեն մեր ազգային խնդիրները հետապնդելու համար»,- նշել է Սպարտակ Սեյրանյանը: