Հոկտեմբերի 7-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցություններ`Հայաստանից ՀՀՇ-ն, Ադրբեջանից «Մուսավաթ» կուսակցությունը և Վրաստանից Հանրապետական կուսակցությունը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:
Այսօր Epress.am-ի հետ զրույցում հանդիպման վերաբերյալ մանրամասներ է պատմել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով ստորագրել է այդ փաստաթուղթը:
«Փաստաթուղթը մի քանի տարի նախապատրաստական փուլ է անցել, համագործակցության նվազագույնը ութ տարի կա: Ադրբեջանի, Վրաստանի լիբերալներով հանդիպում ենք, իրար հետ աշխատում ենք՝ միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ, երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպումներ, և միշտ եղել է այս խնդիրը, որ համատեղ սկզբունքների շուրջ պայմանավորվածություններ ունենանք և դա լինի գրված: Պոտսդամում կարողացանք հասնել այդ բանին»,- ասելէ Արամ Մանուկյանը:
Նշենք, որ հայկական պատվիրակության կազմում են եղել ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:
«Կարևորը, որ լիբերալ ուժերն իրար հետ համագործակցելու պատասխանատվություն են վերցնում և այդ համգործակցության դաշտն է մարդու իրավունքները, սեփականության իրավունքը, ազատ ընտրությունները, թափանցիկ գործունեություն ունեցող կառավարությունները: Շատ կարևոր էր, որ նոր դրույթներ էին՝ կոնֆլիկտների խաղաղ լուծում Հարավային Կովկասում և, ամենակարևորը, որ ես համարում եմ հաղթանակ, հաղթանակ ոչ թե ինչ-որ մեկի նկատմամբ, այլ ընդհանուր գործի համար` քաղբանտարկյալների ազատման անհրաժեշտությունը: Այդ պրոբլեմը Հարավային Կովկասի համար լուրջ պրոբլեմ է, և մենք արձանագրեցինք, որ քաղբանտարկյալների ազատումը լրջագույն խնդիր է լիբերալների համար»,- ընգծել է Արամ Մանուկյանը:
ՀՀՇ վարչության նախագահը մեզ նաև տեղեկացրել է, որ երկու օրից Հելսինկիում սկսվում է Եվրոպայի լիբերալ 56 կուսակցությունների համատեղ համագումարը. Արամ Մանուկյանի խոսքով՝ այժմ իրենք լրջագույն փաստաթուղթ ունեն այդ համագումարին ներկայացնելու համար:
ՀՀՇ վարչության նախագահը նաև ասել է, որ նման փաստաթուղթ մինչև այժմ երբևէ չի եղել:
«Երեք այլընտրանքային քաղաքական ուժերը Հարավային Կովկասի… եթե վաղը իշխանափոխություն լինի, այստեղ ՀԱԿ-ն է գալու, Ադրբեջանում «Մուսավաթն» է գալու, Վրաստանում՝ Հանրապետականը: Այսինքն, այս երեք ուժերը շատ լուրջ քաղաքական միավորներ են Հարավային Կովկասում և իրենք համարձակություն վերցրեցին հայտ ներկայացնելու, պատասխանատվություն վերցնելու, որ Հարավային Կովկասի ժողովուրդները այս ճանապարհով է, որ պետք է գնան: Դա եվրոպական ինտեգրացումն է, համատեղ շփումն է, կոնֆլիկտների խաղաղ լուծումն է»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը հավելել է, որ ՀՀՇ-ի նպատակն է երկրի խաղաղությունը, բարգավաճումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ գոյակցությունը, ժողովուրդների համատեղ աշխատանքը` հանուն Հարավային Կովկասի խաղաղության և զարգացման:
Լուսանկարը` Օնիկ Գրիգորյանի