Home / Армения / «168 ժամ». Բանակային տեսանյութից հետո` դպրոցականը

«168 ժամ». Բանակային տեսանյութից հետո` դպրոցականը

Երեկ «Facebook» սոցիալական ցանցում մի տեսանյութ էր տեղադրվել, որն առաջին իսկ վայրկյաններից հիշեցնում է «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած անմարդկային միջադեպի կադրերը, գրում է «168 ժամը»:

Տեսանյութը ամիսներ առաջ տեղադրվել էր Youtube-ում (http://www.youtube.com/watch?v=C4GDJRHqXNk): Սական, ի տարբերություն վերջինի, այս մեկում «իրադարձությունները» տեղի են ունենում Երևանի կենտրոնում` դպրոցի դասարանում: Տեսանյութում հստակ երևում է և լսվում է, թե ինչպես է ֆիզիկապես մարդանման այս ուսուցիչը «պատժում» 8-րդ դասարանի աշակերտներին: «Կտամ գլուխդ կցխվի, այ տվար…», «Մատներդ կջարդեմ այ ուռո գլոխ…»: Այս և նման այլ «դաստիարակչական հայտարարություններով» են ուղեկցվում երեխայի ուղղությամբ տեղացող այդ հաղթանդամ տղամարդու հարվածները…

… Երեխային հարվածող Երևանի Պուշկինի անվան թիվ 8  դպրոցի պատմության ուսուցիչներից մեկն է` Էդուարդ Եվգենիի Գևորգիզովը… Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը ոչ միայն չի թաքցրել, որ տեղյակ է մարտ ամսին կատարվածի մասին, այլև զարմանում է. «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտին, հրավիրվել է մանկավարժական խորհուրդ, որտեղ քննարկվել է կատարվածը, և ուսուցիչը ներողություն է խնդրել, ներվել է ծնողի և աշակերտի կողմից և բարեհաջող ավարտել ուսումնական տարին: Թե այսօր ինչո՞ւ են վեր հանել այս ամենը` չեմ կարող հասկանալ: Աշակերտն այդ օրը շատ վատ պահվածք է դրսևորել, ինչն էլ ուսուցչին հասցրել է էմոցիոնալ անհավասարակշիռ վիճակի: Մարդ է հիմա, պատահում է, բայց խայտառակ բան է, արդարացում չունի»: Դպրոցի տնօրենը նաև ասել է, որ չի հեռացնի ուսուցչին. «Նա այնպիսի մարդ է, որ կարող է իր կամքով հեռանա դպրոցից»:

Ամենասարսափելին այն է, որ մենք ապրում ենք մի երկրում, որում այս կարգի «դեգեներատները» ոչ միայն չեն մերժվում հասարակության կողմից, այլ աշխատում, նույնիսկ տնօրենի կոմից արդարացվում են, կոչումներ են ստանում ամենատարբեր ոլորտներում: