Ամերիկյան մամուլն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուռա Մովսիսյանի վերջին ելույթներին: Անդորրայի հավաքականին խփած գնդակը երրորդն էր Մովսիսյանի համար 5 խաղում: Եթե հաշվի առնել, որ հանդիպումերից առաջինում՝ Իրանի դեմ, Մովսիսյանը դաշտում ընդամենը 10 րոպե է անցկացրել, ապա նրա արդյունքն էլ ավելի լուրջ տպավորություն է թողնում:
Ամերիկյան լրատվական գործակալությունները՝ նշելով այդ փաստը, հիշեցնում են, որ 23-ամյա Մովսիսյանն ամերիկյան «գրին քարտ» էր շահել և իրավունք ուներ խաղալ ԱՄՆ-ի հավաքականում:
Նշենք, որ ֆուտբոլիստը 21 տարեկանից հետո կարող է ընտրել միայն մեկ հավաքական, ինչը հարձակվողն արդեն արել է:
Յուռա Մովսիսյանն իր կարիերան սկսել է ԱՄՆ-ում, 2006-2007թթ. խաղացել է «Կանզաս Ուիզարդս Սիթի» ակումբում, իսկ 2007-2009թթ.՝ «Ռեալ Սոլթ Լեյք Սիթիում»: Այս տարվա սկզբին Մովսիսյանը տեղափոխվել է դանիական «Ռանդերս» և արդեն հասցրել է դառնալ թիմի առաջատարը: