Ֆորմալ առումով համազեկուցողները կարող են ժամանել Հայաստան, սակայն այնտեղ չեն ցանկանում հանդիպել իրենց հետ: Epress.am-ի հետ զրույցում, պատասխանելով Հայաստան գալ-չգալու հարցին, հայտարարել է ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը:
Նա հավելել է, որ մյուս համազեկուցողը` բրիտանացի Ջոն Պրեսկոտը, գալու ցանկություն չունի:
«Շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Հայաստանի իշխանությունները պարզապես սպասում են իմ մանդատի ժամկետի ավարտին», – ասել է Լինդբլադը:
Epress.am-ի այն հարցին, թե արդյոք Լինդբլադը Հայաստան է ժամանելու հոկտեմբերի 19-ին «Ժողովրդավարությունը հանուն ապագայի» ֆորումին մասնակցելու նպատակով` շվեդ քաղաքական գործիչը նշել է, որ Երևան ժամանելու պատճառ չի տեսնում:
«Եթե մենք Հայաստան գայինք մեր առաքելության շրջանակներում, ապա ես, իհարկե, այդտեղ կլինեի, սակայն այժմ իմ գալը կնշանակի հետ կանգնել խոսքից, քանի որ ես դեմ եմ քվեարկել Հայաստանում ֆորումի անցկացմանը` մինչ իրավիճակը երկրում չբարելավվի», – ասել է Լինդբլադը: