Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունները համագործակցում են համազեկուցողների հետ. Փոստանջյան

Հայաստանի իշխանությունները համագործակցում են համազեկուցողների հետ. Փոստանջյան

Գորան Լինդբլադը միանշանակ քաջատեղյակ է հայաստանյան իրավիճակից և կարող էր 3 օրով ժամանել Հայաստան` անկախ նրանից, թե ինչպիսի քարոզարշավի պետք է մասնակցի իր երկրում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» կուսակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` նկատի ունենալով, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավարը չժամանեց Հայաստան, քանի որ սեփական երկրում մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին: Փոստանջյանը ասել է, որ եթե Լինդբլադը ցանկություն ունենար զեկույց պատրաստել Հայաստանի վերաբերյալ, օր առաջ պետք է գար Հայաստան:

«Ես կարծում եմ, որ նա անկեղծ կլիներ, եթե ասեր, որ չի ժամանել Հայաստան քարոզարշավին մասնակցելու պատճառով: Փաստորեն, նա գերադասել է քարոզարշավը, և ոչ թե  Հայաստանի խնդիրները, որոնք համամարդկային են, քանի որ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց խնդիրը` խոսքի ազատության խնդիր է, պետք է հուզի ամբողջ աշխարհին»,- ասել է Զարուհի Փոստանջյանը և հավելել, որ դա Լինդբլադի թերացումն է:

Նա նաև որպես օրինակ է բերել Պրեսկոտի (նկարում) և Կոլոմբիեյի թերացումները անցյալ տարի ձմռանը, որոնք նունյպես չէին ժամանել Հայաստան, որի արդյունքում քննարկում տեղի չէր ունեցել:

«Նման վարքագծերը խիստ դատապարտելի են»,- հայտատարել է Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը նաև նշել է, որ համազեկուցողները մասնակցելու են Հայաստանում անցկացվելիք «Ժողովրդավարությունը հանուն ապագայի» ֆորումին, սակայն նոյեմբերին կայանալիք մոնիտորինգի նիստին Հայաստանին վերաբերող զեկույց չի լինելու, քանի որ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ չեն գալու Հայաստան:

«Կարելի է ենթադրել, որ հայաստանյան իշխանությունները համագործակցում են համազեկուցողների հետ»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: