Հայաստանցի երկրպագուի համար, կարծես, սովորական է դառնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակներից հետո փողոցներում նշել հաջողությունը՝ առանց հոգնելու «Հայաստան, Հայաստան» վանկարկելով:
4 օրվա ընթացքում հայկական ֆուտբոլի մասին պատկերացումները փոխվեցին. մեր ընտրանին ոչ միայն Եվրո-2012-ի ընտրական փուլի B խմբում երկու հաղթանակ տարավ առաջատարի և հետնապահի նկատմամբ, այլ նաև հաջողության հասավ փայլուն ոճով:
Անդորրայի հավաքականի հետ խաղում մեր թիմը վստահ մեկնարկեց և արդեն 16-րդ րոպեին երկու գոլի հեղինակ դարձավ: Աչքի ընկան Գևորգ Ղազարյանը՝ 5-րդ րոպեին, և Հենրիխ Մխիթարյանը՝ 16-րդ րոպեին: Նշենք, որ Ղազարյանի գոլը 100-րդն էր Հայաստանի ընտրանու պատմության ընթացքում: Առաջին խաղակեսի 33-րդ րոպեին Յուռա Մովսիսյանը գերազանց ոճով եզրափակեց Սարգիս Հովսեփյանի փայլուն փոխանցումը, և պարզ դարձավ, որ մեր թիմը ևս մեկ լուրջ նվաճման կարող է հասնել. Հայաստանի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք 4 գոլ չէր խփել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում դա տեղի ունեցավ. 52-րդ րոպեին Մարկոսի հարվածը Անդորրայի հավաքականի դարպասապհը չկարողացավ հետ մղել: Դրանից հետո մեր թիմը հանգստացավ և առանց որևէ խնդրի հաղթական ավարտին հասցրեց հանդիպումը:
Առանձնահատուկ պետք է խոսել Հայաստանի հավաքականի խաղի մասին: Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ մրցակիցը շատ թույլ է: Նախկինում անգամ թույլ մրցակիցների դեմ մեր թիմը ծանր էր խաղում. այժմ Հայաստանի հավաքականը պարզապես բարձրակարգ թիմի տպավորություն թողեց: Թիմը, իրոք, խաղում էր և հաճույք պատճառում լեփ-լեցուն ստադիոնին:
Կարևորագույն երկու հաղթանակներ տանելով՝ մեր թիմն ամրապնդվեց B խմբի առաջատարների շարքում, բայց ավելի կարևորն այն է, որ 4 խաղում վաստակած 7 միավորները և խփած 9 գնդակները ոչ թե պատահականության արդյունք են, այլ բարձրակարգ խաղի հետևանք: