Home / Հայաստան / Հայաստանի ՊԵԿ նախագահը պետական լծակներն օգտագործում է հարստանալու նպատակով. Զուրաբյան

Հայաստանի ՊԵԿ նախագահը պետական լծակներն օգտագործում է հարստանալու նպատակով. Զուրաբյան

«Ըստ էության, Հայաստանում կատարվել է մի այսպիսի բան` իշխանության լծակներն, իշխանության մեքենան ուղղակի գողացվել է կազմակերպված մի հանցավոր բանդայի կողմից և օգտագործվում է սեփական հարստացման նպատակով», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Եթե տարիներ շարունակ արտահանումը չորս անգամ ավելի պակաս է, քան ներմուծումը, և այդ վիճակում դեռ շարունակում են արհեստականորեն արժևորել ազգային դրամը, դա նշանակում է, որ կառավարության մեջ գտնվում են ապուշներ, որոնք տնտեսագիտական տարրական գիտելիքներ չունեն, կամ այնտեղ գտնվում են բավական խելոք մարդիկ, որոնք օգտագործում են իրենց խելքը մի նպատակով` սպասարկելու համար ներմուծող օլիգարխների շահերը”:

Զուրաբյանը փաստել է, որ կոռուպցիան համատարած է և որպես խոսուն օրինակ նշել է Գագիկ Խաչատրյանի անունը:

«Այսօր օլիգարխներից մեկը` Գագիկ Խաչատրյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, մի մարդ, որը կոչված պետք է լիներ ստեղծելու ազատ և հավասար մրցակցություն բիզնեսմենների միջև, ամենախոշոր բիզնեսմեններից մեկն է, և այդ լծակները գործածում է նորից սեփական հարստացման նպատակով», – հայտարարել է Զուրաբյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր