«Ես այսօր իշխանության պռովալներից եմ խոսում, բայց ես արդեն պռովալի մեջ եմ էստեղ», – այսօր ասուլիսի սկզբին խոստովանել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` նկատի ունենալով անհարմար աթոռը:
Այնուհետև նա, իր խոսքերով, մի քաղաքագիտական դիտարկում է արել.
«Թվում է, եթե մենք ապրեինք նորմալ իրավիճակում, այսօր որևէ հանրահավաքի մարդ չէր գա և որևէ քաղաքական ուժ նման իրավիճակում չէր էլ կազմակերպի հանրահավաք»:
Նրա խոսքերով, անգամ մարտի մեկի հանցագործությունից հետո, երբ տասը մարդ սպանվեց և որը մինչև հիմա բացահայտված չէ, երբ «ռեժիմը» կիրառեց հրազեն սեփական ժողովրդի դեմ` ճնշելու համար խաղաղ ցույցերը, եթե իշխանությունները գոնե մեկ բնագավառում արձանագրեին որևէ հաջողություն, ժողովուրդն ավելի հանգիստ կվերաբերեր այս իշխանությանը:
Խոսելով իշխանությունների ձախողումների մասին` Զուրաբյանն ընդծել է.
«Նրանք այդպես էլ չկարողացան լուծել այն քաղաքական ճգնաժամը և դրա հետևանքները, որը Հայաստանում առաջացավ մարտիմեկյան այդ տխրահռչակ իրադարձություններից հետո»:
Զուրաբյանը նշեց, որ հարցերից ոչ մեկը չլուծվեց, «ինչը ծանր հետևանքներ է ունենում ոչ միայն այն պատճառով, որ հակադեմոկրատական ռեպրեսիվ ռեժիմը դրանով ապացուցում է, որ նրա իշխանությունը պահպանվում է միայն շնորհիվ սեփական ժողովրդի դեմ կիրառվող բռնաճնշումների, այլ նաև վտանգավոր է այն առումով, որ դա որոշ միջազգային ուժերի կողմից օգտագործվում է Ղարաբաղի հարցում ճնշումներ գործադրելու նպատակով»: