Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տարածաշրջանում դրական փոփոխություններ կարող է բերել և կարող է նպաստել խաղաղության և կայունության մթնոլորտի ստեղծմանը: Նման կարծիք է հայտնել «Սոցիալական ինտերնացիոնալ» կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Այալան:
Նշենք, որ Ղարաբաղի կարգավորման խնդիրը Սոցիալական ինտերնացիոնալի համաժողովի ուշադրության կենտրոնում էր, որն այսօր ավարտվել է Բաքվում:
«Համաժողովի արդյունքերի համաձայն` հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել են իրենց տարբերակները մշակել հարցի լուծման վերաբերյալ, որոնք կներկայացվեն Սոցիալական ինտերնացիոնալի կոնգրեսի նիստին: Այն տեղի կունենա Փարիզում, նոյեմբերի 15-16-ը»,- նշել է գլխավոր քարտուղարը:
Ներկայացված առաջարկությունների հիման վրա Սոցիալական ինտերնացիոնալը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանաձև կմշակի:
Այալայի խոսքով` ղարաբաղյան խնդիրը նոր լույսի ներքո պետք է դիտարկել:
«Պետությունները փոխվում են, և թե Ադրբեջանը, թե Հայաստանը արդեն նույնը չեն, ինչ 20 տարի առաջ»,- ամփոփել է գլխավոր քարտուղարը: