Կանադայում շատերը Հայոց ցեղասպանության փաստը կապում են ոչ թե ժամանակակից Թուրքիայի Հանրապետության, այլ Օսմանյան կայսրության հետ: Այս մասին Today’s Zaman-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Կանադայի դեսպան Մարկ Բեյլին: Նշենք, որ Կանադայի խորհրդարանի ստորին պալատը 2004 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Կանադայի կառավարությունը որպես քաղաքականություն որդեգրել է մեր խորհրդարանի որոշումը և անշուշտ սա Կանադայի քաղաքականությունն է: Բայց շտապեմ նշել, որ կառավարության տեսակետի համաձայն, կամ գոնե Կանադայի մի շարք քաղաքական գործիչների կարծիքով, տեղի ունեցածը ոչ թե Թուրքիային է վերաբերում, այլ Օսմանյան կայսրությանը: Գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը Օսմանյան Կայսրության առաջնորդների կողմից են իրականացվել, բայց մենք գիտենք նաև, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն այնքան էլ դրական վերաբերմունք չի ունեցել այդ անհատների նկատմամբ: Նրանց արտաքսել են երկրից, իսկ նա բազմիցս ծայրահեղ բացասական է արտահայտվել նրանց մասին»,- ասել է դեսպանը: