Հոկտեմբերի 3-ին Հադրութի շրջանի N զորամասի շաքային զինծառայող 18-ամյա Սամվել Խաչատրյանի սպանությունից մինչև օրս որևէ քննիչ հարազատներին չի լսել, գրում է օրաթերթը:
Որդեկորույս մայրը նստած սպասում է, թե երբ պիտի իրավապահ կոչեցյալները բարեհաճեն զբաղվել զինվորի սպանության գործով:
«Ես շատ բան չեմ ուզում, մենակ թող իմ երեխայի անունը չարատավորվի: Նրան սպանել են, ինչու են ասում ինքնասպանություն»,- «ՉԻ» հետ զրույցում նշեց Նարինե Պապոյանը:
«7 հոգով իրենց վայրենի լեյտենանտի հրահանգով ծեծել են իմ տղային: Բայց նա էդ բոլորից էլ չի վախեցել, առանձնացել է նրանց հետ` չպատկերացնելով, որ կսպանեն իրեն: Առանձնացել է ու հոշոտել են տղայիս,- արտասվելով պատմեց Սամվելի մայրը` նկարագրելով, թե ինչ վիճակում է տեսել իր որդու դին.- նա ո՞նց կարող էր ինքնասպան լինել, եթե նրա մատները կոտրված էին, ձեռքը կոտրված էր: Ամբողջ գլուխը ջարդել էին, արյան զեղումներ կային, ոտքերի ոսկորները, սեռական օրգանները ամբողջությամբ փշրել էին, ոչինչ չէին թողել այդ գազանները: Իմ բալային հոշոտել էր այդ գայլերի ոհմակը»: