Հոկտեմբերի 12-ին Եվրո-2012-ի ընտրական փուլի C խմբում Ճենովա քաղաքում Իտալիայի ժամանակով 20:50-ին (Երևանի ժամանակով՝ 23:50-ին) պետք է մեկնարկեր Իտալիա-Սերբիա հանդիպումը: Սակայն այն սկսվեց Իտալիայի ժամանակով 21:25, քանի որ Սերբիայի ընտրանու մոտ 1600, այսպես կոչված, երկրպագուներ, տեղ զբաղեցնելով տրիբունաներից մեկում սկսել են ճայտրուկներ նետել դեպի դաշտ և իտալացի երկրագուների կողմ: Այնուհետև նրան մեծ պաստառներ են բացել, որոնց վրա գրված է եղել՝ «Կոսովոն Սերբիայի սիրտն է»: Ոստիկանները փորձել են արագ միջամտել իրավիճակին և ազատել են սերբ երկրպագուների տրիբունայի կողքին գտնվող տրիբունաները:
Սերբերը, սակայն, շարունակել են վայրագությունները և մի քանի ապակի են ջարդել, որոնցով շրջապատված է եղել տրիբունան: Հավաքվածները դժգոհություն են հայտնել ոչ միայն Կոսովոյի անկախության փաստով, այլ նաև սեփական ֆուտբոլիստների խաղի կապակցությամբ, ինչն էլ բարձրաձայնել են՝ հայհոյանքներ տեղալով հատկապես Սերբիայի դարպասապահի հասցեին:
Տեսնելով, որ երկրպագուները չեն հանգստանում, Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել են խուլիգաններով լի տրիբունային և խնդրել են իրենց հայրենակիցներին հանգստանալ: Ծայրահեղ ազգայնականներին դիմել է սերբերի ավագ Դեյան Ստանկովիչը: Չնայած սուլոցներ նույնպես հնչել են, բայց դա ինչ-որ չափով հանգստացրել է սերբ ֆանատներին, որից հետո թիմերը շարվել են դաշտի կենտրոնում: Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել. Սերբիայի օրհներգի ժամանակ սկսել են սուլել իտալացի երկրպագուները, ինչի արդյունքում խաղադաշտում հանարվոր չի եղել ինչ-որ բան լսել: Նույնը Իտալիայի օրհներգի ժամանակ փորձել են անել սերբերը, սակայն ամբողջ ստադիոնը սկսել է ֆուտբոլիստների հետ միասին երգել օրհներգը, և այն լսելի է դարձել:
Հանդիպամն մեկնարկից հետո ոստիկանների մեծ խումբ շրջապատել է սերբական տրիբունան, սակայն երկրպագուները շարունակել են պայթուցիկներ նետել խաղադաշտ: Հանդիպման 8-րդ րոպեին մրցավարը կանգնեցրել է հանդիպումը և մոտ 10-ը րոպե քննարկումներից հետո հրահանգել է թիմերին գնալ հանդերձարան: Այս հանդիպման վերաբերյալ հատուկ որոշում կկայացնի ՈՒԵՖԱ-ն: